Հայ աղջիկների փայլուն հաղթանակը: «Սևան Ստարտափ Սամմիթը» 2018

«Code girls» հայ աղջիկների խումբը օրեր առաջ կայացած «Սեւան Ստարտափ Սամմիթը» մրցույթի շրջանակում ունեցավ փայլուն հաղթանակ: Թերեզան խմբի աղջիկներից մեկն է, ում հետ էլ զրուցել եմ:

«Սեւան Ստարտափ Սամմիթը» համարվում է Seaside Startup Summit–ների գալա միջոցառումը:

-Թերեզա, մի փոքր կպատմե՞ս, թե ինչպես հավաքվեց խումբը:

-Խումբը հավաքվել է «ԱՅԳ» կրթական զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունում, որի նախագահը մեր խմբի ղեկավար Նարինե Մեսրոպյանն է: Այս տարի լինելով Technovation Challenge ծրագրի դեսպանը Հայաստանում` մյուս աղջիկներին հրավիրեցի մասնակցելու այս մրցույթին: Մրցույթի շրջանակում հայաստանյան գլխավոր մրցանակ ստանացանք եւ դիմեցինք Սեւան Ստարտափ Սամմիթին:

-Ինչպիսի՞ մրցույթ է «Սեւան Ստարտափ Սամմիթը»:

-Այն նորաստեղծ եւ, արդեն փոքր-ինչ զարգացած, նախագծերն ու ներդնողներին մեկ տեղում հավաքող հարթակ է, որի գլխավոր նպատակն է ստարտափերի ներդրողների միջեւ համագործակցության նոր ուղիներ ստեղծելը, ինչպես նաեւ գաղափարների զարգացմանը նպաստելը:

-Շա՞տ էին մասնակիցները:

-Սամմիթին մասնակցել է շուրջ 1000 ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմ, ներդրող, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչ, մենթոր, բիզնես փորձագետ եւ ոլորտի ներկայացուցիչներ։

-Ի՞նչ է իրենից ներկայացնում ձեր հավելվածը:

-Մենք ստեղծել ենք «1OfU» կոչվող մի բջջային հավելված, որի նպատակն է օգնել աուտիկ երեխաներին հաղթահարել շփման հետ կապված խնդիրները, զարգացնել նրանց տաղանդները եւ, առհասարակ, ինտեգրել նրանց հասարակությանը: Բացի դա, կա մեկ խնդիր եւս. հասարակությունը չի ընդունում աուտիկ մարդկանց որպես հասարակության լիարժեք անդամ: Մարդիկ համոզված են, որ աուտիզմը հիվանդություն է, որով տառապում են: Իրականում դա այդպես չէ: Եւ հավելվածում առկա է մի բաժին, որտեղ հասակակից երեխաներին տեղեկացնում ենք աուտիզմի եւ դրա խնդիրների մասին:

-Ե՞րբ հայտնեցին մրցույթի արդյունքները:

-Հուլիսի 22-ին մենք արդեն Սեւանում էինք: Եվ հուլիսի 27-ին մասնակցեցինք մրցույթի առաջին փուլին՝ Track Battles-ին: Հաջորդ օրը մեզ ասացին, որ Track Battles-ի EduTech անվանակարգում հաղթող է ճանաչվել մեր հավելվածը:

-Ո՞րն էր մրցանակը:

-Մենք շահեցինք 1500 դոլար «AICA» կազմակերպության հիմնադիր Արթուր Միքայելյանի կողմից եւ նա մրցանակը հանձնելու ժամանակ հենց բեմում կրկնապատկեց մեր շահումը՝ դարձնելով այն 3000 ԱՄՆ դոլար: