Հուլիսի 22-29-ը կայացավ ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթը»: Սամմիթի ընթացքում Track Battles-ի EduTech անվանակարգում հաղթող ճանաչվեց 1 of U բջջային հավելվածը: Հավելվածը նախատեսված է աուտիկ երեխաների համար:
Ծրագիրը ներկայացրել էին աշակերտուհիներ Աշտարակի տարբեր դպրոցներից՝ խմբավար Նարինե Մեսրոպյանի գլխավորությամբ:
Այս թիմը ձևավորվել է դեռևս 2016 թվականին, երբ Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Technovation աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթին: Աշտարակի թիվ 2-րդ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհին ստեղծեց թիմ, որը կազմված էր 5 հոգուց: Ծրագրի արդյունքում աղջիկներն իրենց համայնքում վեր են հանում որևէ սոցիալական խնդիր և լուծում այդ խնդիրը՝ ստեղծելով բջջային հավելվածներ:
«Ոգևորությունը մեծ էր, որոշեցինք ստեղծել թիմեր և մասնակցել մրցույթին՝ հավաքագրելով աղջիկներին տարբեր դպրոցներից:
Նրանք առաջին տարվա մասնակից աղջիկների ծանոթներն ու ընկերուհիներն էին, ովքեր մեծ ցանկություն ունեին մասնակցելու:
Ձևավորեցինք 2 թիմ, որոնք զարգացրեցին 2 բջջային հավելված: Մեկը՝ ArmTour-ը՝ տուրիզմի վերաբերյալ, մյուսը՝ 1 OF U-ն՝ աուտիզմ ունեցող երեխաների համար:
1 OF U թիմը Հայաստանում արժանացավ գլխավոր մրցանակի: Հաշվի առնելով թեմայի կարևորությունը և հայալեզու նման բջջային հավելված չլինելու փաստը՝ որոշեցինք այն զարգացնել և դիմեցինք Sevan Startup Summit 2018-ին: 5 օր աշխատելով սամմիթում ներգրավված մենթորների հետ, հետևելով նրանց խորհուրդներին՝ ներկայացրեցինք բջջային հավելվածը և ստացանք մրցանակ $ 1500 Edutech-ում:
Բեմի վրա մրցանակը մեզ հանձնեց AICA կազմակերպության հիմնադիր Արթուր Միքայելյանը և կրկնապատկեց գումարը»,- 168.am-ի հետ զրուցյում նշում է թիմի մենթոր Նարինե Մեսրոպյանը:
Թիմի անդամ Թերեզա Թումանյանը, ով «ԱրՄաթի» սան է, նշված ծրագրերի կոդի հեղինակն է: Նա պատմում է, որ ինքը Technovation Challenge ծրագրի հայաստանյան դեսպանն է: Ընտրվել է, քանի որ անցած տարի այդ ծրագրի շրջանակներում դարձյալ իր գրած կոդով ծրագիրն արժանացել է հայաստանյան գլխավոր մրցանակի։
«Իմ մայրիկը բժշկուհի է և ունի ծանոթ բժշկուհի, ում տղան աուտիկ է։ Նրա խորհրդով ես այցելեցի վերականգնողական կենտրոն և հասկացա, որ խնդիրը շտապ լուծման կարիք ունի:
Մենք ներկայացնում էինք մի բջջային հավելված, որ միտված է օգնել աուտիկ երեխաներին՝ հաղթահարել շփման հետ իրենց խնդիրները, զարգացնել նրանց տաղանդները և, առհասարակ, ինտեգրել նրանց հասարակությանը:
Բացի այդ, կա այլ խնդիր ևս, որ հասարակությունն ինքնին չի ընդունում աուտիկ մարդկանց՝ որպես հասարակության անդամ։ Մարդիկ համոզած են, որ աուտիզմը հիվանդություն է, որով տառապում են։ Իրականում դա այդպես չէ։ Եվ մենք ունենք բաժին, որտեղ հասակակից երեխաներին տեղեկացնում ենք աուտիզմի և դրա խնդիրների մասին»,- պատմում է Թերեզան:
Հավելվածը բաղկացած է 2 հիմնական բաժիններից՝ նախատեսված աուտիկ և ոչ աուտիկ երեխաների համար:
Առաջին բաժնում ներառված են խաղեր, կոմիքսներ, անիմացիաներ և վիզուալ աջակցության բաժին:
«Հավելվածն ունի նախատիպ։ Առաջին բաժինը մասամբ արդեն գործում է։ Այն դեռ Google Store ում հասանելի չէ։ Սակայն հնարավորինս շուտ կտեղադրենք»,- նշում է Թերեզա Թումանյանը:
Թիմի խմբավար Նարինե Մեսրոպյանի խոսքով՝ իրենք նախատեսում ենք զարգացնել բջջային հավելվածը հնարավորության սահմաններում և կազմակերպել նման ծրագրեր: